Գլխավոր

Մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կօգնեն դեղերն օգտագործել ավելի անվտանգ և ճիշտ

Սեպտեմբերի 25-ը Դեղագետների միջազգային օրն է։

Դեղագետի աշխատանքը միայն դեղի ճիշտ ընտրությունն ու տրամադրումը չէ։ Դեղերի անվտանգ և արդյունավետ կիրառման հարցում կարևոր է նաև ճիշտ տեղեկացված լինելը՝ ինչպես ընդունել դեղը, ինչի հետ այն կարելի է կամ չի կարելի համատեղել, և ինչին ուշադրություն դարձնել բուժման ընթացքում։

Դեղագետների միջազգային օրվա առիթով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ներհիվանդանոցային դեղատան վարիչ Արա Ամիրջանյանը ներկայացնում է մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կօգնեն դեղերն օգտագործել ավելի անվտանգ և ճիշտ։

  1. Դեղերն ընդունեք ջրով։ Կաթը, սուրճը, հյութերը և այլ ըմպելիքներ որոշ դեպքերում կարող են ազդել դեղի ներծծման և ազդեցության վրա, ինչպես նաև փոխազդել դեղի բաղադրիչների հետ։
  2. Մի ընդհատեք հակաբիոտիկներով նշանակված բուժումը միայն այն պատճառով, որ արդեն լավ եք զգում։ Հակաբիոտիկները պետք է ընդունել բժշկի նշանակած սխեմային համապատասխան։ Բուժումն ինքնակամ ընդհատելու դեպքում վարակը կարող է կրկնվել, իսկ որոշ դեպքերում նպաստել հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացմանը։
  3.  Ուշադրություն դարձրեք դեղի պիտանիության ժամկետին։ Ստուգեք ոչ միայն դեղի տուփի վրա նշված ժամկետը, այլև համոզվեք, որ այն համապատասխանում է տուփում առկա բլիստերների կամ դեղի փաթեթավորման վրա նշված ժամկետին։
  4. Առանց մասնագետի խորհրդի մի համատեղեք տարբեր դեղեր։ Տարբեր դեղամիջոցներ կարող են փոխազդել միմյանց հետ և առաջացնել անցանկալի ազդեցություններ կամ փոխել միմյանց արդյունավետությունը։ Հետևաբար, եթե միաժամանակ մի քանի դեղ եք ընդունում, նախապես խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ։
  5.  Մի կիսեք դեղահատերը և մի բացեք դեղապատիճները՝ առանց համապատասխան ցուցման։ Եթե դեղահատի վրա բաժանման հատուկ գիծ նախատեսված չէ, այն կիսելը կարող է հանգեցնել դեղաչափի ոչ ճիշտ բաշխման։ Իսկ որոշ դեղապատիճների պարունակությունը բացելը կարող է փոխել դեղի ազդեցությունը, հատկապես այն դեպքերում, երբ դեղը նախատեսված է հատուկ պատյանով կամ որոշակի հատվածում ներծծվելու համար։

Դեղերի ճիշտ և անվտանգ օգտագործումը բուժման արդյունավետության կարևոր մասն է։ Ցանկացած կասկածի կամ հարցի դեպքում մի փոխեք դեղի դեղաչափը, ընդունման հաճախականությունը կամ բուժման տևողությունը ինքնուրույն․ խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ։

×
facebook sharing button facebook